ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Սրամտում է Վաչե Սաֆարյանը

Սրամտում է Վաչե Սաֆարյանը
04.12.2025 | 12:03

Վաչեն Գրականության ինստիտուտի աշխատակից էր: Արտակարգ սրամիտ, սրախոս, շարունակ կատակաբանի դերի մեջ: Բոլորի հասցեին ուղղված նրա հեգնական սրամտությունները հետագայում հաճախակի վերհիշվում էին ու զվարճացնում ներկաներին:

Բայց գանք մեր հիմնական պատումին:

Խորհրդային տարիների սերունդը լավ կհիշի, որ կոմունիստական գաղափարախոսությունը կրոնի պես մի բան էր: Կուսակցական տոմսով երդվում էին կուսակցականները, որը Ավետարանի վրա երդվելուն համարժեք պատասխանատվություն էր ենթադրում: Հակառակ վարքը և մտածելակերպը որակվում էր որպես երկրի հանդեպ դավաճանություն և խստորեն պատժվում:

Սակայն, 70-ական թվականներից սկսած նման ուղղափառ կոմունիստի պահվածքը մասամբ արդեն ժամանակավրեպ էր: Երկրում մակածվել էր այլախոհական մշակութային միջավայր և հոգեբանություն, անեկդոտներ էին ստեղծվում կուսակցության բարձրաստիճան առաջնորդների մասին:

Ըստ էության, բանավոր և գրավոր մշակույթով տեղի էր ունենում կոմունիզմի միֆի ապամիֆականացման իրողություն:

Այդուհանդերձ կոմունիստական համակարգը և ղեկավարությունը դեռևս պահպանում էին պետապարատը պաշտպանելու անցյալի զգոնությունը և գաղափարախոսության կաղապարված բառապաշարը: Հենց այդ տարիներին Չեխոսլովակիայում տեղի ունեցան հակակոմունիստական և սոցիալիստական տնտեսավարման դեմ բողոքի ընդվզումներ: ԽՍՀՄ-ի ղեկավարությունը հրահանգել էր, որ հանրապետությունների բոլոր կուսակցական բջիջներում հարցը քննարկեն և դատապարտեն:

Շրջկոմներից զգուշացրել էին, որ հարցը լրջորեն պետք է քննարկեն բոլոր կուսակցական կազակերպությունները: Հրահանգված էր նաև Գրականության ինստիտուտի կազմակերպությանը: Ինստիտուտի կուսակցության երկրորդ քարտուղար Կարո Ճինգոզյանը չեխոսլովակյան դեպքերի իրողության պետական կարևորություն ներկայացնող խնդիրը հնչեցրեց համապատասխան տագնապի և լրջության երանգներ արտահայտող տոնով: Նա նախ լուռ և լուրջ դեմքով սպասեց մինչև դահլիճում լռություն տիրեց, ապա հետևյալ նախաբանով ահազանգեց. ընկերնե՛ր, կոմունիստական գաղափարախոսությանը լուրջ վտանգ է սպասվում: Ապա փոքր դադարից հետո ավելացրեց՝ ցավոք, ձեզ պետք է ներկայացնեմ, որ վերջերս կապիտալիստական երկրների կազմակերպծ միջազգային դիվերսիան գաղափարական ճակատով սկսել է գլուխ բարձրացնել:

- Մեր ինստիտուտո՞ւմ,- իբր բանից անտեղյակ, կեղծ զարմանքը դեմքին խոյի բարբառի ընդգծված հնչերանգով ճղճղաց Վաչեն:

Ծիծաղեցին: Ժողովի ղեկավարությունը սաստեց ներկաներին, ապա առաջարկեց, որ աշխատակիցները ելույթներ ունենան ու լրջորեն արձաքանքեն: Մի քանիսը հրաժարվեցին: Ի՛նչ ասեն:

Արշալույս Ղազինյանը և Գրիգոր Գույումջյանը, որոնք մշտապես բոլոր ժողովներին ելույթ էին ունենում, նույնպես հրաժարվեցին՝ ամեն անգամ մենք ենք ելույթ ունենում, էս անգամ էլ թող ուրիշները խոսք ասեն:

Տնօրենը դարձավ Վաչեին՝

- Վաչե՛, միգուցե մի երկու խոսք դու ասես:

- Ես էսօր չեմ կարող խոսել ընկեր Ջրբաշյան, անհարմար եմ զգում:

- Ինչո՞ւ չես կարող, այ տղա, ինչո՞ւ ես անհարմար զգում:

- Էսօր առավոտը ես սխտոր եմ կերել:

- Դու երբ ես լրջանալու այ՛ տղա,- ծիծաղելով ասաց Ջրբաշյանը:

Չնայած վերոհիշյալին, արձանագրեցին, որ ժողովը խստորեն դատապարտում է Չեխոսլովակիայի ընդվզումները:

Ժողովի օրակարգում մի շատ կարևոր հարց ևս կար: Կորել էր ինստիտուտի կուսակցական կազմակերպության կնիքը: Իսկ դա լուրջ բացթողում էր:

Ի դեպ, ամեն կազմակերպություն ուներ իր կնիքը: Տեղեկացրել էին Շրջկոմ: Այնտեղից զայրացած հրահանգել էին՝ կուսակցական ժողով հրավիրե՛ք, դատապարտե՛ք երևույթը, ելույթները արձանագրե՛ք ու որոշում կայացրե՛ք: Հետո ժողովի որոշումը կուղարկե՛ք, որ կցենք գործին ու նոր կնիք պատվիրենք:

Ելույթներ, իհարկե, չեղան, բայց արձանագրության մեջ նշվեց մի քանիսի անունները, որոնք իբր դատապարտում են ցրվածությունը, թափթփվածությունը, ինչի պատճառով էր իբր կորել կնիքը: Մնում էր ձևակերպել, թե ժողովը, ի վերջո, ի՞նչ որոշեց:

Կուսակցության առաջին քարտուղար Սարիբեկ Մանուկյանը դիմեց ներկաներին՝ ո՞նց գրենք, ժողովը ի՞նչ եզրակացության հանգեց: Մի քանիսը մտմտում էին, թե ի՞նչ ձևակերպում տան:

Վաչեն կրկին մեջ ընկավ՝ գրեք, ժողովը որոշեց՝ եթե դիտմամբ են տարել, տանողի տունը քանդվի, իսկ եթե կորել է՝… գտնողը չվայելի:

Արամ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 9389

Մեկնաբանություններ